⇚ На страницу книги

Читать Փափուկ բարձերի վրա

Шрифт
Интервал

Նազանը մեծացել էր փափուկ բարձերի վրա, ու ամբողջ կյանքում նույնիսկ անձրևի կաթիլ նրա վրա ընկած չկար։ Այսպես էր մտածում շրջապատը, երբ նախանձով խոսում էր Նազանի մոր ու հոր, մեծ եղբայրների, հորեղբոր, նրա կնոջ և նրանց որդիների մասին։ Այն հեքիաթային պաշտպանվածության մասին, որով շրջապատված էր այդ աղջիկը առասպելներ էին պտտվում քաղաքում։ Մեքենաներ, տներ, թանկարժեք հագուստ ու զանազան զվարճանքներ… սիրելի մայր և հայր, երկու մեծ եղբայր, չորս հորեղբոր տղա, հորեղբայր, հորեղբոր կին և մի Նազան բոլորի համար։ Յուրաքանչյուրի համար երազանք է նման պայմաններում ծնվել ու մեծանալ։

Ուշ գիշեր էր։ Մի ստվեր անցավ բակով ու կամաց օձի նման բարձրացավ ավտոտնակի կտուրով ու ցատկեց տան պատշգամբի ճաղից բռնվեց քաշվեց մտավ մեջ։ Այդ ստվերը աշխատեց հնարավորինս անաղմուկ բացել դուռը և մտավ Նազանի ննջասենյակ։ Նազանը մուշ-մուշ քնել էր։ Մտնողը եղբայրն էր՝ Իշխանը՝ եղբայրներից երկրորդը։ Վերադառնալ տուն գիշերվա չորսին սովորական էր։ Ու զգուշանալով հորից անցնում էր քրոջ սենյակով։ Նազանի մոտից անշշուկ սղոսկեց միջանցք ու հանգստացած շունչ քաշելով մտավ իր ննջասենյակ։ Պառկեց անկողնում և մտավ հեռախոսի մեջ։ «Ի՞նչ լավիկն է։ Ինչպե՞ս չեմ իմացել այդ աղջկա գոյության մասին։ Ո՞ւր էր թաքնվել»։ Երկար խառնեց հեռախոսի նկարները մինչև նկատեց որ լուսանում է։ «Լավ, մի քիչ քնեմ, վաղը պետք է գնամ աշխատանքի, հորս աչքին երևամ, որ մի քիչ փող վերցնեմ»։

Այսօր Նազանի ծննդյան օրն է։

_Արի՛, արի՛, աղջիկ՛ս,_կանչեց հորեղբայրը Նազանին։_նայիր ի՛նչ եմ քեզ բերել։

Աշոտը պարզեց օրիորդին մի գեղեցիկ տուփ, որի մեջ ինչպես բացահայտվեց մի թանկագին ապարանջան կար։

Ներկա եղող բոլոր հյուրերի աչքերը փայլեցին, շքեղությունից շլացած։

_Ա՜յ, քեզ նվե՛ր, ա՜յ քեզ, հոպա՛ր…

_Պատկերացրու քանի՜-քանի՜ նման թանկագին նվերներ է տվել Նազանին։ Դե՜, իհարկե՛, միակ աղջիկն է նրանց մեջ։

Աշոտը սիրում էր ցուցամոլություն, ու հրաշալի դերասան էր։ Վերջին անգամ նա նվեր էր տվել Նազանին տասնհինգամյակին՝ յոթ դար առաջ, ու ինչպես միշտ թատերական ներկայացմամբ։ Նազանը արդեն սովոր է նման ցույցերին։ Բայց օրիորդի դեմքից ոչ մեկը չկռահեց նրա մտքերը։ Գնաց վերև, որ պահի նվերը։ Քաշեց դռան բռնակը։ Բայց ի զարմանք փակ էր։ «Չհասկացա՛»… Նազանը մի անգամ էլ ձգեց բռնակը։

_Ո՞վ կա մեջը,_ակամա բարձրաձայն արտասանեց օրիորդը։ Զարմացած նայեց կողքերը։ Կարծես օգնություն էր փնտրում։ Սակայն միջանցքում ոչ մեկը չկար։ Թակեց դուռը.

_Մա՛մ, դու՞ ես։

Լռություն էր։ Բայց զգում էր շարժում կա։ Ավելի ուժգին խփեց դռանը։

_Եկա՛, Նազա՛ն… գալի՛ս եմ։

Վերջապես լսվեց մեկի ձայնը։ Դուռը բացվեց ու կարմրած աչքերով Նազանի հորեղբոր ավագ որդին օրորվելով քաշվեց կողք, որ քույրը մտնի մեջ։

_Սամվե՞լ… ի՞նչ ես անում այստեղ։

_Ես…, _ Սամվելը ուղղեց վերնաշապիկի թևը ու դժկամությամբ շրթունքները շարժեց։ Դուր չեկավ, որ քույրը իրեն բռնեցրեց այստեղ։_հեռախոսով պիտի խոսեի…

_Իմ սենյակու՞մ,_զարմացած բացականչեց օրիորդը։ Աչքերով անցավ ամբողջ սենյակով։ Արտասովոր ոչինչ չտեսավ։

_Քո սենյակը միակ ապահով տեղն է այս տանը։

Երիտասարդը դուրս եկավ սենյակից, անցավ միջանցքով ու իջավ աստիճաններով։ Նազանը դրեց տուփը զարդասեղանին։ Ուշադիր զննեց շրջապատը։ «Տարօրինակ էր Սամվելը… տեսնես հիմա՛ ի՞նչ է արել»։ Նազանը դարձավ բացեց տուփը ու հանեց ապարանջանը և կապեց բազուկին։ Ապա վերադարձավ հյուրերի մոտ։ Երաժշտության ձայնից չէր լսվում խոսողների ձայնը։ Նազանը աչքերով փնտրեց Սամվելին։ Բայց չգտավ։ Ու՞ր է նա… մտքից դուրս չէր գալիս նրա թմրած տեսքը։ Մի՞թե նորից է սկսել։