Նա առջիններից էր: Ավոյի զինակիցներից նաև: Գիտակից և գաղափարունակ առաջիններից: Բավական է ասել, որ երբ նա ամեն ինչ թողել էր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկում և եկել էր շարժմանը անդամագրվելու և այն վարելու, այն ժամանակվա և այն հնարավորությունների տեր նրան զուգահեռ անձինք հիմա կոչվում են ռուսահայ մեծահարուստներ և ազգային բարերարներ: Այդպիսին են նրանց ճանաչում և ընդունում այստեղ մնացած ու ապրող «առաջինները», որոնք որպես այդպիսին իրենց հերթին ճանաչվել են ազգաբնակչության կողմից: Իսկ խոսքիս հերոսը հիմա քար ու ցեխ է անում Ռուսաստանում:
Նա տարիքով էր արդեն, ուշ էր ամուսնացել, խանգարել էր պատերազմը: Դժվարությամբ, երկար բուժումներից հետո երեխա էին ունեցել: Միակ որդի, քանի որ ավելին ունենալ արգելում էին բժիշկները, վտանգավոր էր: Ահա այդ մարդը սիրում էր միշտ մի պատմություն անել, յուրաքանչյուր սեղանի, որտեղ հավաքվում էին երկու-երեք հայ նա պատմում էր մի փախստական հոր մասին: Վերջինս, մազապուրծ լինելով Բաքվի ջարդերից և մահվան ճիրաններից փախցնելով երեք որդիներին նա, ծնունդով Արցախցի, եկել ապաստանել էր պապական հողում: Որ հետո այդ երեք որդիներին մի օրում մատաղ անի նույն հողին, պատերազմում: Այդ հայրը սովորություն էր դարձրել ներկա լինել յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի հողին հանձնման արարողությանը և անխտիր, ամեն անգամ բաժակ էր բարձրացնում, ողորմաճառ, սփոփանքի խոսքեր ասում: Կարծես քիչ էր սեփական ցավը: Մարդիկ կարծում էին, թե նա խելագարվել է որդիների կորստից, այնինչ մինչև վերջերս, տարիներ անց արդեն, ոչ ոք չի կարող ասել, որ նրա վարքում կամ արարքներում ոչ նորմալ երևույթներ կան: Այդ ծերուկը լիովին առողջ է հոգեպես: Առավել, քան առողջ…