ԳՐԻԳՈՐ
ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ
կամ աշնանային օրագիր
Սանկտ Պետերբուրգ
«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն
2017
ББК 84(5Арм)
М26
УДК 821.19
Մարկոսյան Գ.Ե.
М26 Իմ ժամանակը կամ աշնանային օրագիր – ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն, 2017 – 320 էջ
ISBN – 978-5-4386-1421-0
Григор Маркосян
Мое время
или осенний дневник
(на армянском языке)
Издана в издательстве «Свое издательство»
Ստորագրված է տպագրության 01.11.2017 թ., ֆորմատը՝ 60х90/16 Շապիկը՝ կավճապատ 300 գր/մ>2, միջուկը՝ օֆսեթ 80 գր/մ>2.
Տպաքանակը՝ 1000
«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն (издательство «Свое издательство»)
ՌԴ, 199004, ք. Սանկտ Պետերբուրգ, Ռեպինի փ., 41
ISBN – 978-5-4386-1421-0 © Գ.Ե. Մարկոսյան, 2017
Գիրքը հրատարակվել է Սերժիկ և Ծովինար Ադամյանների կողմից՝ ի նշան հեղինակի հանդեպ հարգանքի և սիրո:
Իբրև սկիզբ.
Այս գրվածքը կարող է անսովոր, նույնիսկ տարօրինակ թվալ իր ձևով ու բովանդակությամբ, կարող են հնացած թվալ նրա լեզուն, ոճը, մտքերը: Պատճառն այն է, որ ես՝ նրա հեղինակը, մի ծեր սկսնակ եմ:
Կարծում էի, թե կարող եմ անտեսել ժամանակի ու փորձի անխախտ օրենքը և նստել ու հեշտությամբ ինչ-որ բան գրել, բայց սխալվեցի: Գուցե այդ է պատճառը, որ այստեղ գերակշռում են ժամանակի մասին մտքերն ու խորհրդածությունները:
Ժամանակն անտեսել անկարելի է, մանավանդ մեծ ու աննախադեպ փոփոխությունների այս շրջանում և մանավանդ ինձ համար, որ հինը մերժեցի, իսկ նորը չկարողացա ընդունել, կարծես թե կանգնեցի երկու դարաշրջանների սահմանին և այն անցնել չկարողացա:
Ինչ արած, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, այդպես եղել է միշտ, այդպես էլ կլինի, ժամանակը շարժվում է և իր հետ փոփոխություններ է բերում, ոմանք ընդունում են դրանք և առաջ են գնում նրա հետ, ուրիշները ետ են ընկնում նրանից:
Մեր ժամանակը շատերին նեղություն ու վիշտ պատճառեց, ինձ էլ բաժին հասավ, բայց այստեղ դրանք որոշակիորեն չկան, այդպես գերադաս համարեցի, կան միայն նրանց արձագանքները որպես ապրումներ, ինչպես որ ժամանակն ինքը չի երևում, երևում են միայն նրա հետևանքները:
Գրվածքը կազմված է տարբեր բնույթի առանձին կտորներից՝ օրագրային գրառումներից, որոնք ներքին կապ ունեն իրար հետ և մի ամբողջություն են կազմում, մանավանդ որ բոլորն էլ ուղղված են իմ աղջկան՝ Գայանեին:
Գրվածքը, ինչ խոսք, զերծ չէ թերություններից, մասնավորապես չափազանց շատ է լրջությունը և չափազանց քիչ՝ պոեզիան: Եթե կարողանայի գրել առանց դրանց, ուրեմն իսկապես կխախտեի ժամանակի ու փորձի օրենքը:
Երբ մտածում եմ թերությունների մասին, հիշում եմ իմ լուսահոգի ընկերոջը՝ նախկին մանկավարժ, դերասան, ճանապարհորդ ու վարսավիր Թելմանին, որը խրատում էր ինձ.
– Երբեք ուրիշներին չխոստովանես թերությունդ կամ սխալդ, անմիջապես կփոխվի մարդկանց վերաբերմունքը, չունեցածներդ էլ վրադ կբարդեն: Մի անգամ մի վրացի, մեկ էլ մի ուրիշ վրացի…,– ու իր միտքը հաստատող որևէ պատմություն էր պատմում:
Բայց ես ահա խոստովանում եմ՝ հուսալով, որ ընթերցողը ամեն ինչի համար ներողամիտ կլինի, գուցե ների ինձ նաև իմ ընկերը:
* * *
Սիրելի աղջիկս.
Ես միշտ ուզում էի ինչ-որ բան գրել քեզ ուղղված նամակների ձևով, բայց չկարողացա, միշտ հետաձգեցի, և ժամանակն անցավ: Հին ճշմարտություն է՝ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Իմ մայրը և քո տատիկը, որի սիրելին էիր դու և որին այնպես հոգատարությամբ խնամում էիր, միշտ հիշեցնում էր այդ մասին: Երբ որևէ մեկը շեղվում էր այդ կանոնից, ասում էր.
–
Անժամանակ կանչող խորոզ ես:
Այդպիսի խորոզներին սովորաբար գլխատում էին, որովհետև նրանց տարաժամ կանչերը ինչ-որ չար բան էին գուշակում: Կյանքն էլ այդպես պատժում է նրանց, ովքեր հաշվի չեն նստում ժամանակի հետ: