⇚ На страницу книги

Читать Սատանան մայրամուտին

Шрифт
Интервал



Դօրիան

Սատանան մայրամուտին


© Դօրիան – 2017

[битая ссылка] Հեղինակի անձնական կայքը

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Ֆեյսբուքում

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Գուդռիդսում



Սատանան մայրամուտին

1. Կարիք


Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:


Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:


– Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – զարթնել եմ, էստեղ արի:


– Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:


– Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, – Մա՞մ:


– Հա ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:


– Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:


– Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:


Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:


– Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:


– Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:


Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:


Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:


Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:


Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը: